Բաքուն Բելառուսից «Պոլոնեզ» է առնում, իսկ մենք այստեղ թիթեռ ենք պահում ու ոզնիանման խոտ. Արամ Սարգսյան
Մեր երկրի հիմնական խնդիրը գործազրկությունն է, երկրորդ խնդիրը՝ անվտանգությունը, երրորդ հիմնական խնդիրը՝ առողջապահությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը՝ անդրադարռալով հարցին, թե որոնք են առաջին երեք քայլերը, որոնք ինքը կնախաձեռնի ԱԺ-ում:
«Այս երեք խնդիրներն էլ իրար հետ փոխկապակցված են։ Այս երեք խնդիրներն էլ լուծում են հարուստ երկրները։ Այս երեք խնդրով էլ լուրջ օրենսդրական նախաձեռնությունների կարիք կա։ Գործազրկության մասով ես մշտապես ասել եմ, համոզված եմ, որ մենք պետք է հենվենք մեր բնական եւ մարդկային ռեսուրսների վրա, եւ այս կարգի պաշարված երկրներում միայն այդ միջոցներով է հնարավոր տեղից պոկել երկրի տնտեսությունը եւ իրական աշխատատեղեր ապահովել, ինչը լրացուցիչ մուտքեր կապահովի:
Անվտանգության առումով առաջարկելու ենք 20 հազար լրացուցիչ պայմանագրային զինծառայողներ ներգրավել, բանակում 240 մլն դոլարին համարժեք դրամի ավելացումով ՊՆ բյուջե, որպեսզի այդ մարդիկ 1000 դոլարին համարժեք աշխատավարձ ստանան։ Դա լուրջ բան կլինի, քանի որ ժամկետային զինծառայողները հետ կկանգնեն վտանգավոր գծից, կսովորեն հրետանավորի, սակրավորի գործը, որովհետեւ իրենք մեզանից, տարիքովներից շատ ավելի արագ են սովորում։ Իսկ տարիքովները կկանգնեն սահմանին եւ այդ գումարը կծախսեն իրենց տեղերում»,-ասաց Արամ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է առողջապահությանը, նա նշեց. «Միանշանակ է, որ մեր երկրում ապահովագրական համակարգը հակառակ ծայրից է աշխատում։ 20 տարի է լսում եմ, թե որ խնդրի մասին էկոլոգները ինչ են ասում։ Եւ այդ առումով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ չափազանցված է։ Կարող եմ ասել, որ էկոլոգիային ամենամեծ վնասը տալիս է գյուղատնտեսությունը։ Ջրելով՝ ստորգետնյա ջրերի մակարդակն ենք բարձրացնում, քիմիական նյութերը որոնք օգտագործում ենք բուժման համար, ամենածանր մետաղներ պարունակող հիմնական նյութերն են։
Չկա պետություն, որ իր բնական ռեսուրսները չօգտագործի։ Ադրբեջանը, որ նավթ է հանում, այդտեղ էլ վտանգ կա ջրային ռեսուրսների արտահանելու։ Բայց ինքը այդ նավթը հանում է, ու Բելառուսից «Պոլոնեզ» է առնում։ Իսկ մենք այստեղ թիթեռ ենք պահում ու ոզնիանման խոտ»,-ասաց Արամ Սարգսյանը: