Զինվորական պարտադիր ծառայությունը դարձնել 1 տարի. ՕԵԿ-ի առաջարկը
Հեղափոխությունը հրաշալի հնարավորություն տվեց ձերբազատվելու 20 տարվա կուտակված պրոբլեմներից եւ երկիրը առաջընթաց ճանապարհով տանելու համար:Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Շամշադինում «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
Նա ներկայացրեց իրենք նախընտրական ծրագիրը․ «Մենք առաջարկում ենք հողի, գույքի հարկերից 100 տոկոսով ազատել սահմանամերձ տարածաշրջաններում ապրող բնակիչներին, մենք առաջարկում ենք 25 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ձեռնարկություններին ազատել բոլոր տեսակի հարկերից, մենք առաջարկում ենք հատկապես սահմանամերձ տարածաշրջանների հետ կապված հատուկ պետական հոգածություն, որը պետք է դրսեւորվի պետության կողմից սուբսիդիաների հատկացմամբ, ավելին՝ մենք առաջարկում ենք հողի վրա աշխատող մարդու աշխատանքը համարել աշխատանքային ստաժ եւ վճարել դրա համար»։
Բաղդասարյանը խոսեց նաեւ երիտասարդության հիմնախնդիիների մասին․ «Մենք առաջարկում ենք հատուկ ուշադրություն՝ երիտասարդության հիմնախնդիիներին, հատկապես մարզաբնակ երիտասարդությանը, որոնք այսօր բավականին դժվար վիճակի մեջ են, քանի որ համատարած գործազրկությունը հնարավորություն չի տալիս լուծել մարդկանց խնդիրները»։
Նա հավելեց, որ առարկում են 1 տարի դարձնել զինվորական պարտադիր ծառայությունը, սահմանները տեխնիկապես վերազինել ու անցնել վարձատրվող բանակին՝ այդպիսով լուծելով նաեւ զբաղվածության խնդիրը։