Ասում են` ձեզ տակից կօգնենք, մեզ տակից օգնել պետք չէ. Մարուքյան
Հավասար պայմաններ երբեք չեն լինի, որևէ քարոզարշավում հավասար պայմաններ չկան: Դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա շեշտեց` ակնհայտ է, որ եթե կա իշխանություն, այն մասնակցում է ընտրություններին, ուրեմն ավելի շատ է լուսաբանվում, հետևաբար «հավասար պայմաններ» ասելը սխալ է:
«ԱՄՆ-ում էլ Թրամփին են ավելի շատ լուսաբանում, դա օրինաչափ բան է, մնացած մասով ես մտահոգություն չունեմ հավասար լուսաբանման պայմանների հետ կապված: Ես մտահոգություն ունեմ այն լուրերից, որ ասում են՝ մարդիկ վախեցած են: Դրանով ես չէ, որ պետք է զբաղվեմ»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց՝ եթե մարդիկ վախեցած են, որ պետք է գան «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական թիմին լսելու, ապա ինքը հիմնավոր մտահոգություններ ունի, որ կարող է լինել իներցիա, և կարող է` մարդկանց իրապես վախեցնում են:
«Ասում են` կօգնենք ձեզ, մարդ է եկել, ասում է` քիչ մարդ եկավ էսօր, բայց տակից ձեզ կօգնենք: Տակից մեզ պետք չի օգնել, մեզ վրից է պետք օգնել, ինչո՞ւ եք տակից օգնում: Եթե ուզում եք ընտրել «Լուսավոր Հայաստան»-ին, ընտրեք, վախենալո՞ւ է «Լուսավոր Հայաստան»-ին ընտրելը: Ես հույս ունեի, որ այս ընտրություններում վերացած կլինեն տակից օգնելը, վրից, կողքից օգնելը»,- նշեց Մարուքյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է` Հանրապետականն է վախեցնում, ինչին պատգամավորն արձագանքեց, որ ՀՀԿ-ն ունի համայնքապետներ, որոնք դեռ աշխատում են, բայց տեղյակ չէ` վախեցնելու ինչ ռեսուրս ունեն:
«ՀՀԿ-ի վիճակն այն վիճակը չի, որ մարդկանց վախեցնեն: Նոր իշխանությունը պետք է մարդկանց ասի` գնացեք, ազատ քվեարկեք, ում ուզում եք` քվեարկեք»,- ասաց նա: