Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը. Փաշինյան
Մարդիկ կան, որոնք ասել են, որ հատուկ եկել են Հայաստան այս ընտրություններին մասնակցելու, «Իմ քայլի» օգտին քվեարկելու համար. սա նշանակում է, որ մեր ուղերձը տեղ է հասել, մենք մտադիր ենք մեծ հայրենադարձություն կազմակերպել: Այս մասին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, անասնապահության զարգացման համար լուրջ ներդրումներ են իրականացվելու, կառուցվելու է անասնաբուժական-անասնապահական քոլեջ, ջրագծեր, որի նպատակը աշխատանքի քաջալերումն է. «Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը: Հայաստանում արտադրված միսը, եթե ավանդական մեթոդներով է արտադրվում, հարգի է: Անասնապահական կուլտուրան մեզանում բարձր մակարդակի է, մեր միսը բարձր է գնահատվում և պետք է լրջորեն մտածենք Հայաստանից մսի արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ բոլոր հարցերի լուծման համար տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնել. «Մենք երբեք ու երբեք ընտրությունները մի ձայնով անգամ չենք կեղծելու: Բացառված է, որ ՀՀ քաղաքացու կատարած որևէ ընտրության համար ոտնձգություն իրականացնենք: Մենք սիրո և համերաշխության հեղափոխությունը չենք նվաստացնի՝ եղունգներով ու ատամներով իշխանությունը պահելու միջոցով: Դուք եք որոշում, սա է պատմական պահը, այսօր իշխանությունը պատկանում է միայն ձեզ»,- իր խոսքն ամփոփեց վարչապետի պաշտոնակատարը: