85 հազար մարդու նպաստ ու թոշակ եկող տարվա հունվարի 1-ից ավելանալու է. Փաշինյան
«Մենք ուզում ենք մարդկանց աջակցենք, օգնենք, որ իրենք իրենց ընտանիքի բարեկեցությունը կարողանան ապահովել ու ոչ թե էն հին վիճակներով, երբ որ կառավարությունն աղքատության խրախուսման քաղաքականություն էր վարում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի՝ Ապարանում անցկացված քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ իրենք վարելու են աղքատության վերացման և աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Նրանց նպատակն է լինելու այն, որ քաղաքացին ոչ թե «ծուռ վզով նայի հարուստներին», այլ հենց քաղաքացին աշխատի, հարստանա ու հարստացնի:
«85 հազար մարդու նպաստ ու թոշակ եկող տարվա հունվարի 1-ից ավելանալու է, սրանք սոցիալապես առավել անապահով խավի մարդիկ են: Այս մարդկանց թոշակը նույնիսկ հաց ու պանրին չի հերիքում: Մենք առաջին հերթին որոշեցինք այս մարդկանց հարցը լուծել, քանի որ մենք մտածեցինք, որ ամոթ է մեր երկրում սովահար մարդ լինի»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ իրենք իրենց առաջ ավելի ամբիցիոզ խնդիր են դրել, որ առաջիկա 5 տարում ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունը վերացվի: