Առաջիկա 5 տարիների ընթացքում միջհամայնքային ճանապարհների 70 տոկոսը պետք է լինի լավ վիճակում. Փաշինյան
Առաջիկա 5 տարիների ընթացքում միջհամայնքային ճանապարհների 70 տոկոսը պետք է լինի լավ վիճակում: Ծաղկահովիտում՝ բնակիչների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նախընտրական ծրագրի կետերից մեկը:
«Մելիք գյուղի ճանապարհի մոտ մարդիկ ասում էին, որ ճանապարհի խնդիր կա: Եվ մենք գործարք կնքեցինք նրանց հետ: Գործարքը հետևյալն է՝ կառավարությունը ջանքեր է գործադրում ենթակառուցվածքների բարելավման համար, բայց դուք էլ ձեր կողմից պարտավորվում եք, որ անասնագլխաքանակը պետք է էականորեն աճի առաջիկա 5 տարիներին, և մշակվող հողատարածքները պետք է աճեն: Այս տարածքներում շատ լուրջ ներդրումներ են իրականացվելու անասնապահության զարգացման համար»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ այդ շրջանում գործելու է անասնաբուժական, անասնապահական քոլեջ: Կառուցվելու են նաև ջրագծեր:
«Այս ամենի նպատակն աշխատանքի քաջալերումն է: Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը: Մեր կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի մսի արտահանումը, որովհետև Հայաստանում արտադրված միսը, եթե դա մեր ավանդական մեթոդներով է, նաև ժամանակակից տեխնոլոգիաները հաշվի առնելով է արտադրվում, շատ հարգի է»,-ասաց նա: