Գյումրու քաղաքապետարանը հոգալու է սպանված հավաքարարի հուղարկավորության ծախսերը
Գյումրու քաղաքապետարանը հոգալու է սպանված հավաքարարի հուղարկավորության ծախսերը։ Այս մասին հայտնեց Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ իրենք մշտապես արձագանքում են սոցիալապես անապահով ընտանիքների նմանատիպ դիմումներին. «Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք դիմում են քաղաքապետին, արձագանքում ենք։ Բյուջեով հաստատված գումար կա։ Եթե տեսնում ենք , որ ընտանիքը ի վիճակի չէ հուղարկավորության ծախսերը հոգալու, մենք տրամադրում ենք գումարը»։
Նշենք, որ փողոցում սպանված քաղաքապետարանի աշխատակցի աղջիկը դիմում էր գրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ խնդրելով հոգալ հուղարկավորության ծախսերը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց անհայտ անձը հարձակվել է 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար, ու դաժանաբար ծեծել է նրան։ Կնոջը շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել։ Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:
Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: