Վարդենիսի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածուներ են հայտնվել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հարությունյանի հրաժարականից ընդամենը ժամեր են անցել, սակայն որոշ մարդիկ արդեն արտահերթ ընտրություններում իրենց առաջադրման մասին են հայտարարում։
Գարսիկ Սաղաթելյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով քաղաքապետի հրաժարականին, նշել է, որ այն հաստատվելուց հետո ինքը ևս կլինի թեկնածուների ցուցակում․
«Հարգելի՛ վարդենիսցիներ, ինչպես տեղեկացել եք, մեր համայնքի ղեկավարը ներկայացրել է հրաժարական, և այդ առնչությամբ ես այսօր բազմաթիվ զանգեր եմ ստացել, որոնք վերաբերվում էին նրան, թե ես արդյո՞ք սատարում եմ որևէ քաղաքապետի թեկնածուի, թե՞ ոչ՝ Վարդենիս քաղաքում։
Ուզում եմ տեղեկացնել, որ գործող քաղաքապետի վերջնական հրաժարականից հետո, երբ կառավարության համապատասխան որոշմամբ Վարդենիսում կնշանակվի քաղաքապետի ընտրություն, ես՝ ինքս, առաջադրելու եմ իմ թեկնածությունը։
Այս պահին դեռ ժամանակը չի այդ մասին խոսելու, պարզապես անդրադարձա հարցին նրա համար, որպեսզի թյուր կարծիք չտարածվի, թե ես սատարում եմ որևէ թեկնածուի, երբ Վարդենիսում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն։ Եկեք ժամանակից առաջ չընկնեք, քանզի ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում»։