Դատախազների կողմից կա որոշակի ցանկություն Քոչարյանի խափանման միջոցի գործն արագ ավարտելու.պաշտպան
Դատախազների կողմից կա որոշակի ցանկություն Քոչարյանի խափանման միջոցի գործն արագ ավարտելու։ Նման կարծիք այսօր՝ դեկտեմբերի 3–ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Չեմ կարող ասել պատճառը որն է, սակայն ցանկացած մասնագետ միշտ էլ ցանկություն ունի արագ ավարտել մի գործն ու անցնել մյուսին։ Սակայն մեր կարծիքով սա այն գործը չէ, որ փորձենք շտապողական ավարտել։ Ամեն օր դատարանը շուրջ 7 ժամ գործ է քննում, ինչը կողմերի և դատարանի համար բավականին ծանր է։ Ինչքան էլ տոկուն և պատրաստված լինենք, միևնույն է չենք կարող ֆիզիկապես հասցնել, բացի այդ՝ պետք է կողմերն ու դատարանը կարողանան ընկալել, թե ինչ է քննարկվում. Ինչ–որ նյութ կարդալու համար չենք հավաքվել. քննարկվում է իրավական վեճ»,– ասաց նա։
Օրբելյանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը դեռևս միջնորդություններ ունի ներկայացնելու, բացի այդ՝ դեռ պետք է ռեպլիկներ լսվեն։
«Պաշտպանական կողմը առնվազն երկու միջնորդություններ ունի, որոնց Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել և ուղարկել է վերանքննիչ դատարան՝ քննության։ Խոսքը վերաբերում է կիրառելի նյութական իրավունքին և դատավարական որոշ նորմերի սահմանադրության համապատասխանելիության հարցին»,– ասաց նա։
Նշենք, որ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 4–ին։
Այսօրվա դսատական նիստին բողոք ներկայացրեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դրանց վերաբերյալ առարկություններ ներկայացրեց։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության։