Արել ենք հեղափոխություն հենց «հեղափոխություն» բառի մեջ, և ամբողջ աշխարհը զարմացած է. Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ Արտաշատում հիմնականում պետք է խոսի այսօրվա քաղաքացիների պատմական առաքելության մասին: Նա ներկայացրեց Հայաստանի «թագավորանիստ քաղաքի»` Արտաշատ մայրաքաղաքի կառուցման պատմությունը, ապա ընդգծեց` հայ ժողովուրդը պատմական, մեծ ժողովուրդ է:
«Այն, որ մենք անցել ենք այսպիսի երկար ճանապարհ, կոտորածների և հաղթանակների, պարտությունների ու փրկությունների միջով, այսօր կանգնած ենք որպես ինքնիշխան պետություն՝ ազատ և հպարտ քաղաքացիներով, սա նշանակում է, որ մենք պատմական առաքելություն ունենք իրականացնելու երկիր մոլորակի վրա: 2018թ. մեր ժողովրդի համաշխարհային պատմության հերթական փառապանծ էջն ենք գրել՝ անելով մի բան, որ նախկինում ոչ ոք չէր կարողացել անել. «հեղափոխություն» բառի կողքին դրել ենք «սեր և համերաշխություն», արել ենք հեղափոխություն հենց «հեղափոխություն» բառի մեջ, և ամբողջ աշխարհը զարմացած է, թե ինչպես է դա տեղի ունեցել: Մենք խոսք ունենք անելու մարդկությանը, քաղաքակրթությանը, աշխարհին, ուզում եմ այսօր այդ ուխտը Արտաշատում հաստատենք ու արձանագրենք»,- ասաց նա:
Արտաշատում ընտրողների հետ հանդիպումը եզրափակելով` Փաշինյանը ասմունքեց Պարույր Սևակի «Հայաստան» բանաստեղծությունը: