Գիտնականները շարունակում են Նոյյան տապանը գտնելու փորձերը
Գիտնականները շարունակում են փորձերը գտնելու Նոյյան տապանը, չնայած դրա գոյության մասին որևէ փաստ այդպես էլ ապացուցված չէ։ Риа новости-ն գրում է, որ օրերս իրանցի հետազոտողները հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ՝ տապանն ամենևին էլ Արարատ լեռան վրա չէ:
Աստվածաշնչում ասվում է, որ Նոյյան տապանը կանգնել է արարատյան լեռների վրա: Հենց դա էլ թույլ է տվել իրանցի գիտնականներին ենթադրել, որ կոնկրետ Արարատը, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, ամենևին էլ այն լեռը չէ, որի մասին հիշատակվում է աստվածաշնչյան պատմության մեջ:
«Քիչ հավանական է, որ Նոյի ժառանգները հետո բնակվեին Միջագետքի հարթավայրում, քանի որ նրանց ճանապարհին կհայտնվեին անանցանելի լեռներ, իսկ ամենահեշտը կլիներ ճանապարհը Եփրատ գետով, ինչը հակասում է Աստվածաշնչի 11-րդ գլխին, որտեղ ասվում է, որ Նոյի ժառանգները Միջագետք են եկել արևելքից»,- վստահ են իրանցի հետազոտողները:
Արարատյան լեռներ ասելով Կենաց Գրքի կազմողներն, ավելի շուտ, նկատի են ունեցել Ուրարտու պետությունը, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 13-ից 6-րդ դարերում, ժամանակակից Հայաստանի, արևելյան Թուրքիայի և հյուսիս-արևմտյան Իրանի տարածքում: Ուսումնասիրելով աստվածաշնչյան վկայություններն այդ երկրի մասին, իրանցի հետազոտողները եկել են եզրակացության, որ Նոյյան տապանը պետք է փնտրել Իրանի հյուսիս-արևմուտքում:
Հնագետները ենթադրում են, որ Աստվածաշնչում խոսքը Տահտե Սոլեյման լեռան մասին է: Այդ հանգած հրաբխի գագաթին գտել են քարացած փայտի մնացորդներ, որոնք չափսերով համընկնում են Աստվածաշնչում նկարագրված տապանի հետ: Քննադատներն իրանցի գիտնականների փաստարկները համոզիչ չեն համարում: Նաև նշում են մի շարք անճշտություններ:
«Տահտե Սոլեյման լեռը գտնվում է տարածքում, որը երբեք չի մտել Ուրարտու պետության կազմի մեջ»,- ասել է կրոնագետ Իլյա Վեվյուրկոն: Համաշխարհային ջրհեղեղի պատմության մեջ կարևորագույն դետալ կա՝ Նոյը կանգնել է այն տեղում, որն առաջինն է երևացել ջրի տակից:
«Պատճառը, որ հենց Արարատ լեռն է համարվում հենց այն աստվածաշնչյան Արարատը, այն է, որ Արարատն ամենաբարձրն է տարածաշրջանում»,- բացատրում է Վեվյուրկոն:
Այդ ավանդույթն առնվազն երկու հազար տարեկան է: Հրեա պատմաբան Հովսեփ Փլավիոսը մ.թ. առաջին դարում գրել է, որ այդ լեռը գտնվում է Հայաստանում և հայերն այդ տեղն անվանում են կանգառ, որտեղ տապանը մնացել է դարերով և ցույց են տալիս դրա մասերը: Հենց համաշխարհային ջրհեղեղի պատմականության անուղղակի ապացույցներն են, որ հանգիստ չեն տալիս տապանի բազմաթիվ որոնողներին: Միայն վերջին 100 տարում լեգենդար նավը «հայտնաբերել են» շուրջ 20 անգամ: Հիմնականում գտածոն եղել է Արարատ լեռան վրա: Չնայած բոլոր այդ «հայտնագործություններին», տապանի փնտրտուքը շարունակվում է և ԶԼՄ-ներում պարբերաբար «սենսացիաներ են» հայտնվում: Իսկ Նոյյան տապանը մնում է մարդկության մեծագույն հանելուկներից մեկը: