Իսրայելի ոստիկանությունը վարչապետ Բենյամին Նեթանյահուին կրկին կասկածում է կոռուպցիայի մեջ
Իսրայելի ոստիկանությունը կոչ է անում կոռուպցիոն գործով նոր մեղադրանքներ առաջադրել երկրի վարչապետ և պաշտպանության նախարար Բենյամին Նեթանյահուին:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, ոստիկանությունը հայտարարել է, որ բավականաչափ ապացույցներ կան, որոնք մատնանշում են, որ Նեթանյահուն իր կնոջ մասնակցությամբ այնպիսի իրավախախտումներ է կատարել, ինչպիսիք են կաշառումը, խարդախությունը և լիազորությունների չարաշահումը:
Վարչապետին, մասնավորապես, կասկածում են 2014-2017 թվականներին՝ երկրի կապի նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, իսրայելական Bezeq հեռուստահաղորդակցական ընկերությանը իրավաբանական արտոնություններ տրամադրելու մեջ, որի դիմաց ընկերությանը պատկանող Walla լրատվական պորտալը Նեթանյահուի մասին դրական տեղեկություններ է հաղորդել:
Ենթադրվում է, որ այդպիսով Bezeq-ը, որի ղեկավարի նկատմամբ նույնպես խորհուրդ է տրվում մեղադրանք առաջադրել, կարող էր հարյուր միլիոնավոր եվրո ստանալ:
Նեթանյահուն իրեն ուղղված բոլոր մեղադրանքները հերքել է: