Հայաստանը 2 կետով իջեցրել է Speedtest Global Index բջջային ինտերնետի արագության վարկանիշում իր դիրքը
Իռլանդական Ookla ընկերության Speedtest.net հայտնի առցանց-ծառայությունը հրապարակել է 2018թ․ հոկտեմբերի դրությամբ իր ամենամսյա Speedtest Global Index վարկանիշը, որը տվյալներ է պարունակում աշխարհում բջջային եւ ֆիքսված ինտերնետի արագության մասին։
Հոկտեմբերի տվյալների համաձայն՝ Հայաստանը բջջային ինտերնետի արագությամբ 124 երկրների մեջ զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը՝ սեպտեմբերի համեմատ իր դիրքը վատացնելով երկու կետով։ Հայաստանում բջջային ինտերնետի արագությունը 24․1 Մբիթ/վ է, երբ աշխարհում միջին արագությունը 23․8 Մբիթ/վ է։
Հայաստանն այս ցուցանիշով տեղակայված է Ադրբեջանի (58-րդ հորիզոնական) եւ Մալդիվների (60- րդ հորիզոնական) միջեւ։
ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի ցուցանիշն ամենավատերից չէ՝ Ուկրաինան զբաղեցրել է 79-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ հորիզոնականը, իսկ վերջին 124-րդ տեղում Տաջիկստանն է։ Հայաստանի հարեւան երկրներից Թուրքիան, Իրանը եւ Վրաստանը գտնվում են համապատասխանաբար՝ 33-րդ, 49-րդ եւ 52-րդ հորիզոնականներում։
Վարկանշային ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Նորվեգիան, Իսլանդիան եւ Սինգապուրը։
Ֆիքսված ինտերնետի արագության վարկանիշում Հայաստանն այս տարվա հոկտեմբերի արդյունքներով 130 երկրների շարքում պահպանել է 72-րդ հորիզոնականը։ Մեր երկրում այս ինտերնետի արագությունը 23.47 Մբիթ/վ է, երբ աշխարհում միջին արագությունը 50․88 Մբիթ/վ է։ Այս ցուցակում մեր հարեւաններն են Մոնղոլիան (71-րդ) եւ Արգենտինան (73-րդ)։
ԱՊՀ երկրների շարքում ֆիքսված ինտերնետի արագության մեր ցուցանիշը լավագույններից չէ՝ Ռուսաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը, Ուկրաինան՝ 47-րդ, Ղազախստանը՝ 58-րդ։ Հարեւաններից՝ Վրաստանը 81-րդ տեղում է, Թուրքիան՝ 85-րդ, Ադրբեջանը՝ 93-րդ, Իրանը՝ 106-րդ։
Վարկանշային ցուցակը սահմանափակում է Եմենը՝ 130-րդ տեղով։