Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներ կան, որոնք նույնիսկ նախագծված չեն
Ռազմավարական կոպիտ սխալ էր Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը Մեղրիից չսկսելը, այսօր Սյունիքի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ չնայած իրենք մտադիր են շարունակել մայրուղու կառուցումը, բայց մինչև բուն կառուցման աշխատանքները, նաև ստիպված են ծախսեր անել գործող ճանապարհը նորմալ վիճակում պահելու համար:
«Ես ուզում եմ ասել, որ Հյուսիս-Հարավի հետ կապված բավական պրոբլեմներ կան, քրեական գործ է հարուցված 25 մլրդ դրամի չարաշահումների կապակցությամբ: Ինչքան գիտեմ, արդեն իսկ կոնկրետ մարդկանց մեղադրանք է առաջադրվել: Եվ մենք օրինական ընթացակարգերով պետք է վերականգնենք պետությանն ու հանրությանը հասցրած վնասը»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված մեկ ուրիշ խնդիր էլ կա: Չնայած բարձրաձայնվում էր նախագծի մասին, բայց ճանապարհի բազմաթիվ հատվածներ մինչև այսօր նախագծված չեն: “Դա նշանակում է, որ մենք մինչև այս պահը ռեալ չգիտենք, թե այդ նախագիծը ծայրից ծայր ինչքան է արժենալու: Կան հսկայական հատվածներ, որոնք մինչև այս պահը նախագիծ չունեն, նախահաշիվ չունեն”,- ասաց նա: