Կենդանաբանական այգու ղեկավարությունը պարզաբանում է կենդանիների անկման դեպքերը
Կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկի անկման դեպքը օրերս հանրության ուշադրության կենտրոնում էր: Քննության արդյունքներն արդեն պարզ են: Կենդանաբանական այգու աշխատակազմը հայտարարել է, որ այս անգամ արտառոց որևէ բան չկա:
Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հյուրընկալել է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր Յանոշ Շանտոնին: Հյուրը նկատեց, որ նախկինի համեմատ այգին ավելի բարվոք վիճակում է: Երևանի կենդանաբանական այգին եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի թեկնածու անդամ է և լիիրավ անդամ կարող է դառնալ հաջոդ տարի նախատեսված ստուգումներից հետո:
«Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիան 400-500 կենդանաբանական այգիների ցանց է, որտեղ արգելվում է կենդանատեսակների առք ու վաճառքը: Նպատակն այն է, որ կենդանատեսակները, որոնք նվիրում են այգիներին, հետագայում չհայտնվեն անհատների ձեռքում ու չդառնան կենդանիների թրաֆիքինգի զոհ: Կենդանին բացարձակ արժեք է և գին չպետք է ունենա»,- ասել է «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատորը:
Երևանի կենդանաբանական այգու տնօրենն էլ հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում կենդանաբանական այգում կենդանատեսակների անկման դեպքերին: Ռուբեն Խաչատրյանը նկատել է, որ այնպես չէ որ միայն իր տնօրինության ժամանակ են կենդանիները սատկել: Իսկ ինչ վերաբերում է աշխատակիցների մի մասի իր դեմ ուղղված սկանդալային հայտարարություններին, տնօրենի կարծիքով, դրանք արհեստածին են, և ընտրություններից առաջ նման երևույթները ակտուալ են դառնում:
Օրերս անկած կոկորդիլոսն էլ, պարզվում է, խրոնիկ հիվանդություններ է ունեցել, սակայն տարիներ առաջ կենդանուն այգու կոլեկցիայի մեջ ներառելիս առողջական վիճակի մասին տեղեկանք չի ներկայացվել: Երևանի կենդանաբանական այգում ապրելու տարիներին էլ կոկորդիլոսը գանգատներ չի ունեցել, թե չէ բժշկական ստուգում կնշանակեին:
«Մեզ համար մեծ զարմանք էր, երբ մենք իմացանք, որ կոկորդիլոսը սատկել է, որովհետև դուք տեսաք, թե ինչ մեծ կենդանի էր: Եվ այդ կենդանին այդպիսին է դարձել շատ մարդկանց ջանքերի շնորհիվ, բայց երբ սատկեց, և հերձեցինք սողունին, մենք տեսանք, թե ինչ պաթալոգիկ երևույթներ կան այդ կենդանու օրգանիզմի մեջ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ մի այլ կենդանի այդ կարգի պաթոլոգիաներով չէր կարող ապրել»,- ասել է կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգողը: