Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:
Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ ճշտել չհաջողվեց: Գրում է armtimes.com- ը:
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել է սույն գործով ապացույցներ կեղծելու համար։ Հարությունյանը, որն արդեն մի քանի ամսի է Հայաստանում չէ, լրագրողների հետ զրույցում ավելի վաղ պնդել էր, որ մեղադրանքն անհիմն է։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ՝ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Հարությունյանը եւ քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին եւ հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի եւ տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին: