Մեկնարկում է 2018-2019թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնությունը
Դեկտեմբերի 2-ին մեկնարկելու է 2018-2019թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնությունը:
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի առաջնությանը կմասնակցի 5 թիմ՝ «Լեո», «Արմենիա Թրավել», «Լոռի», «Արմավիր» և «Կումայրի»:
Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ, որը վարել են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը և ՀՖՖ ֆուտզալի բաժնի պետ Վահագն Հարությունյանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: Քննարկվել են մի շարք կազմակերպչական և տեխնիկական հարցեր, որոնք կապված են եղել առաջնության անցկացման, կանոնակարգի և մրցավարության հետ:
Մասնակիցներին ներկայացվել են փոփոխված կանոնակարգի դրույթները, քննարկվել են հետագա փոփոխությունների հնարավորությունները:
Հանդիպման վերջում Խորեն Զարգարյանը և Վահագն Հարությունյանը հաջողություն են մաղթել բոլոր ակումբներին նոր մեկնարկող առաջնությունում:
Հավելենք, որ առաջին տուրի երկու հանդիպումերը կկայանան դեկտեմբերի 2-ին. Գյումրին ներկայացնող «Կումայրի» թիմը ժամը 14:00-ին Ա.Սարգսյանի անվան մարզադահլիճում կընդունի «Արմավիրին», իսկ Երևանի «Արմենիա Թրավել» թիմը «Դինամո» մարզադահլիճում կխաղա «Լոռիի» հետ: