Պետք է ոչ միայն արմատախիլ արվի ընտրակաշառքը, այլեւ տասնապետերի, հարյուրապետերի ինստիտուտը. Փաշինյան
Հայաստանում՝ այս ընտրություններում, պետք է ոչ միայն արմատախիլ արվի ընտրակաշառքը, այլեւ տասնապետերի, հարյուրապետերի ինստիտուտը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։
«Տետրերում գրած անուն–ազգանունները, ընտրական ասողների ինստիտուտը արմատախիլ պիտի արվեն։ Դուք ունեք մի ձայն եւ որեւէ մեկին թույլ չտաք, որ ձեզ ասի, թե ում ընտրեք, կառավարությունը երաշխավորում է ազատ ընտրելու իրավունքը»,– ասաց նա։
Նա նկատեց, որ Հայաստանի տնտեսության լիդերները ձեռնարկատերերն են եւ գործարարի կարգավիճակը առանձնահատուկ պատվաբեր է լինելու. «Հասկանալու ենք այն մարդուն, որը բացում է հարյուրավոր աշխատատեղեր, բայց երբեք չի օգտագործում «իմ աշխատող» արտահայտությունը։
Այսօր պետական հիմնարկներում էլ են ասում՝ «այսքան աշխատող ունեմ»։ Հատկապես պետական հիմնարկների ղեկավարներին պետք է առանձնահատուկ ասել՝ ոչ թե դու ունես այդքան աշխատող, այլ ժողովուրդը քեզ ունի որպես աշխատող։ Նոր Հայաստանում սեփականատիրոջ եւ բանվորի կարգավիճակի միջեւ չկա որեւէ տարբերություն»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։