Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով
News.am-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունն ու ևս երկու ամսով երկարաձգեց կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Մայրապետյանի պաշտպաններն ահազանգում են, որ իրենց պաշտպանյալը ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր ՀՔԾ-ում քննվող քրեական գործով կաշառքին օժանդակելու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությունը։