Քոչարյանը չի խոսել, բայց ասելիք ունի. փաստաբանը պատմեց` ով ինչ է անում դռնփակ նիստում
Փաստաբանները բողոքներ են ներկայացնում, դատախազները` լուռ լսում։ Քոչարյանն էլ ասելիք ունի, բայց դեռ չի խոսում։
Վերաքննիչ դատարանի դռնփակ նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի խոսել, բայց ասելիք ունի։ Այսօր դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Ներկայացնելով, թե ինչ է 3-րդ օրը տեղի ունենում դատարանի դահլիճի փակ դռան հետևում` Ալումյանն ասաց, որ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանները ներկայացնում են իրենց բողոքները, դատախազական կողմն առայժմ լսում է և իր առարկությունները կներկայացնի ավելի ուշ։
«Դատախազական կողմն առայժմ ոչինչ չի ներկայացնում, որովհետև ուղղակի ուշադրությամբ լսում են, թե ինչպես է պաշտպանական կողմն իր բողոքը ներկայացնում»,– ասաց փաստաբանը։
Դրանցից մեկը, ի դեպ, ներկայացրել է հենց Ալումյանը։ Այն վերաբերում է Քոչարյանի կալանավորման մասին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցին։
«Պարզվում է, որ կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացված է եղել այն նպատակով, որ ստիպեն անձանց ցուցմունք տալ։ Դա ուղիղ ասվում է այդ խոսակցության մեջ։ Այսինքն` այդ միջնորդություններն օրինական նպատակ չեն հետապնդել»,– ներկայացնելով միջնորդության հիմքը` ասաց Ալումյանը։
Այդուհանդերձ, չնայած այս հանգամանքի ի հայտ գալուն, Ալումյանն այս պահին ԱԱԾ և ՀՔԾ պաշտոնյաներին դատարան կանչելու անհրաժեշտություն չի տեսնում։
Լրագրողների հետ զրույցում Ալումյանն անդրադարձավ նաև այսօր մամուլում հրապարակված տեղեկությանը, թե դեկտեմբերի 1-ին դատարանը Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացնելու։ Նա ասաց, որ այդ մասին տեղեկացել է այսօր առավոտյան Facebook-ից և դատական նիստի ընթացքում հայտարարություն է արել այդ մասին` հիշեցնելով, որ նախկինում 2 անգամ է նման տեղեկատվություն եղել, որոնք երկուսն էլ վերջում հաստատվել են։