Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել լուսանկարիչ Մարտին Շահբազյանի մահվան առնչությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը լուսանկարիչ և լրագրող Մարտին Շահբազյանի մահվան առնչությամբ իր խորին վշտակցությունն է հայտնել նրա ընտանիքին ու հարազատներին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարտին Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին, Երևանում: 1958-ին ավարտել է Նար Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո՝ որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ: 1966-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: 1974-1976թթ. աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից:
2001-2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն էր:
1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: