Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, գրում է РИА Новости-ն՝ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով:
«Նախագահի երդմնակալության և պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը, Սահմանադրության համաձայն, տեղի կունենա երկրի նոր առաջնորդի ընտրվելու օրվան հաջորդող երրորդ կիրակի օրը, տվյալ դեպքում՝ դեկտեմբերի 16-ին»,- հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովոից:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ձայների 100%-ի հաշվարկից հետո հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները. իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Զուրաբիշվիլին ստացել է քվեների 59,52%-ը, իսկ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48%-ը:
Զուրաբաշվիլին իր խոսքում նշել է, որ ցանկանում է Վրաստանը խաղաղ ու ազատ տեսնել, իսկ նրա քաղաքացիներին՝ իրավահավասար:
Գիշերն էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումից հետո Զուրաբիշվիլիի աջակիցները մեքենաներով դուրս էին եկել փողոց՝ տոնելու նրա հաղթանակը: