Սոցիալական մի քանի խոցելի խմբերը, որ մինչև այժմ ստանում էին 16-19 հազար դրամի նպաստ, հունվարի 1-ից կստանան 25 հազար 500 դրամ. Արարատ Միրզոյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը Արսեն Մանուկյանը ներկայացրեց թոշակառուների, ծերության, հաշմանդամության ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների նպաստը բարձրացնելու որոշման նախագիծը, որի նպատակը նրանց շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:
Նա հայտնեց, որ ծերության նպաստի չափը կազմում է 16 հազար դրամ, հաշմանդամության նպաստի չափերը՝ առաջին խմբինը՝ 21 հազար 500 դրամ, 2-րդ խմբի համար՝ 19 հազար դրամ, 3-րդ խմբի համար՝ 16 հազար դրամ:
«Կերակրողին կորցնելու դեպքում թոշակի չափը սահմանված է 16 հազար դրամ: ՀՀ-ում պարենային ծայրահեղ աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25 հազար 500 դրամ, հաշվի առնելով ծայրահեղ աղքատությունը բացառելու նպատակը՝ որոշվել է համապատասխան փոփոխություններ կատարել որոշման մեջ»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ, այսպիսով, առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ 3-րդ խմբի հաշմանդամի համար 18 հազար դրամ, պարտադիր զինվորական ծառայության 7 շարքային կազմի մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24 հազար դրամ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25 հազար 500 դրամ:
Արսեն Մանուկյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի մեկից, իսկ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ հարցը կուղարկվի Ազգային ժողով, և քանի որ պարզ չէ, թե երբ օրակարգում կհայտնվի հարցը, ընդունվելու դեպքում այն հետադարձ ուժ կունենա և կհաշվարկվի 2019 թվականի հունվարի մեկից սկսված:
«Սա շատ կարևոր նախաձեռնություն է, փաստորեն, հունվարի մեկից սոցիալական առումով խոցելի խմբերը, որոնք մինչև այժմ ստանում են 16 հազար դրամ, 19 հազար դրամ, հունվարի մեկից կստանան 25 հազար 500 դրամ. սա այն նվազագույն գումարն է, որ անհրաժեշտ է մարդուն չսովելու համար»,-ասաց Արարատ Միրզոյանը: