Վրաստանը մեզ կապող երկու ճանապարհները 1-1,5 տարվա ընթացքում պետք է լինեն փայլուն վիճակում. Փաշինյան
Մեր կառավարությունը շատ արագ ձեռնամուխ եղավ Ջուջեւան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի վերանորոգմանը, որը ոչ միայն տեղական, այլեւ հանրապետական նշանակության խնդիր է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Նոյեմբերյան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ճանապարհի անմխիթար վիճակը լուրջ խոչընդոտ էր զբոսաշրջության համար: Չնայած դրան այս տարվա 10 ամիսների տվյալներով 8,8 տոկոսով աճ ենք ունեցել զբոսաշրջության ոլորտում:
Մենք այդ ճանապարհի շինարարությունը շարունակելու ենք, եւ ոչ միայն այդ հատվածում, այլեւ Ալավերդու կողմից մինչեւ Բագրատաշեն: Հաջորդ տարի շինարարությունը կշարունակվի եւ Վրաստանը մեզ կապող երկու ճանապարհները 1-1,5 տարվա ընթացքում պետք է լինեն փայլուն վիճակում: Սա էականորեն կխթանի զբոսաշրջությունը, նաեւ փոքր ու միջին բիզնեսը Նոյեմբերյանում, նաեւ Ալավերդիում, նաեւ Վանաձորում, նաեւ ճանապարհի երկայնքով ընկած գյուղերում»,-հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, այն բիզնեսը, որը մինչեւ 20 կամ 24 մլն շրջանառություն ունի, ըստ էության Երեւանից դուրս, գրեթե ամենուր կազատվի բոլոր տեսակի հարկերից. «Զբոսաշրջիկների հոսք է լինելու եւ Ալավերդու, Վանաձորի բնակիչները պետք է պատրաստ լինեն նորմալ ընդունել այդ զբոսաշրջիկներին»,-ասաց նա: