Իրենք ով են, որ որոշեն՝ խորհրդարանը ինչքան ժամկետ ունի. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Այն ուժերը, որոնք տեսնում են, որ կարող են հայտնվել Խորհրդարանական ընտրությունների լուսանցքում, սկսել են հայտարարել, որ այս խորհրարանը տարիուկես, երկու տարի ժամկետ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ քարոզարշավի ժամանակ:
«Բայց իրենք ով են, որ որոշեն՝ խորհրդարանը ինչքան ժամկետ ունի: Դուք ով եք, որ ասեք՝ խորհրդարանը մի տարվա կամ տարիուկեսվա կամ երկու տարվա կյանք ունենա: Ժողովուրդն է ձևավորելու խորհրդարանը, գոյություն ունի Սահմանադրություն»,-ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ Հայաստանը մտադիր են դարձնել ժողովրդավարական երկիր և ինչ-որ մեկը Սահմանադրության հետ կապ չունեցող բան չպետք է ասի:
Մարուքյանը մտահոգ է, որ նոր խորհրդարանի ժամկետը կրճատելու մասին խոսակցությունները կարող են ազդել մարդկանց տրամադրությունների վրա. «Որ անիմաստ է, ժամանակվոր է, կարող են չմասնակցել ընտրություններին: Չկա նման բան, պատմական ընտրություներ են՝ 5 տարով»:
Նա վստահ է, որ նման հայտարարություն անողները զգում են, որ չեն ընտրվելու, իսկ իրենք վախերը կոտրելով, կարծրատիպերը ջարդելով գնում են առաջ:
Հիշեցնենք, որ Սասնա ծռեր կուսակցությունն էր հայտարարել նոր խորհրդարանի՝ հնարավոր 2 տարվա կյանքի մասին: