Պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքիս տակ ունենալով՝ միևնույնն է որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց, որ չնայած Փաշինյանին դուր չէր եկել իր ուղիղ եթերները, բայց այսօր կրկին խիզախել է: «Պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքիս տակ ունենալով՝ միևնույնն է որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները որոշ հարցերի հետ կապված»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ իշխանության այն ծրագրին, որ 350 000 անձի աշխատավարձ է բարձրանալու եկամտահարկի իջեցման հաշվին, որը պետք է 23 տոկոս դառնա: «Իմ համոզմամբ՝ այստեղ կա մեծ շփոթ, եկեք տեսնենեք՝ ում աշխատավարձն է իրականում բարձրանում և ովքեր են անտեսված մնալու»,-ասաց նա և հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «350 000 մարդ ճռռում է, որ 850 000 մարդու պահի», ապա ավելացրեց, որ հենց այդ 350 000-ի աշխատավարձն էլ բարձրանալու է:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք մոտ 200 000 քաղաքացի, ովքեր ստանում են մինչև 150 000 դրամ աշխատավարձ և վճարում են 23 տոկոս եկամտահարկ, որի դեպքում իրենց աշխատավարձը չի բարձրանալու նաև այդ փոփոխությունը կատարելուց հետո և շարունակելու են 23 տոկոս վճարել: Իսկ բարելավում տեղի է ունենալու 150 000-ից 2 մլն դրամ աշխատավարձ ստացողների մոտ, ովքեր 28 տոկոս եկամտահարկ են վճարում և փոփոխությունից հետո վճարելու են 23 տոկոս, իսկ էլ ավելի լավ վիճակում են գտնվելու այն քաղաքացիները, ովքեր 2 մլն-ից ավելի են ստանում: Ի վերջո, անապահով խավի կամ այն անձանց, ում աշխատավարձերը ցածր են, վիճակի բարելավում չի լինելու»,-ասաց նա:
Տեսանյութը՝ ստորև