Փաշինյանը մեկնաբանել է երիտասարդ նախարարների ընտրությունը
Չինական Phoenix TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նախարարների երիտասարդ տարիքի վերաբերյալ հարցին:
«Նախարարների միջին տարիքը 41 է, և ես չեմ կարծում, որ դա չափազանց երիտասարդ տարիք է 21-րդ դարի համար: Կարծում եմ, որ 21-րդ դարում 25 կամ 26 կամ նույնիսկ 20 տարեկանն այդքան էլ երիտասարդ չէ: Այժմ կրթությունը և անհատի զարգացումը շատ արագացված է», – ասել է Փաշինյանը:
Երիտասարդ նախարարների ընտրությունը Փաշինյանը պատճառաբանել է նրանով, որ շատ քաղաքական գործիչներ կոռումպացված էին, և պետք էր նոր մարդկանց ներգրավել:
«Ինչպես ասացի, ցավոք, մեր երկրում շատ էր կոռուպցիան: Ցավոք, դրա պատճառով շատ քաղաքական գործիչներ այս կամ այն չափով ներգրավված էին այդ համակարգում: Ինձ համար շատ կարևոր էր կառավարությունում ներգրավել ավելի ու ավելի շատ մարդկանց, ովքեր ոչ մի կերպ ներքաշված չեն եղել կոռուպցիայի մեջ: Նրանք իրենց հետ ոչ միայն կառավարման նոր մշակույթ են բերում, այլ կառավարման վերաբերյալ նոր ընկալում»,- հավելել է Փաշինյանը: