Ախալքալաքում ընթանում է Աշոտ Ռաիսյանի գործով դատավարությունը
Ախալքալաքի շրջանային դատարանում այսօր վերսկսվում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներ Աշոտ Ռաիսյանի և Միշա Աղաբաբյանի կողմից վարչական իրավախախտումների գործով դատավարությունը: Դատարանն այսօր պետք է որոշի պատժաչափը: Նախապես դատական լսումները նշանակվել էին նոյեմբերի 5-ին, բայց հետաձգվել էին մինչև նոյեմբերի 26-ը:
Ախալքալաքի վրացական միացյալ ընդդիմության՝ «Ուժը միասնության մեջ է» շարժման ախալքալաքյան շտաբի ղեկավար Աշոտ Ռաիսյանի ու ակտիվիստ Միշա Աղաբաբյանի նկատմամբ արձանագրություն է կազմվել Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ, այն է` «մանր խուլիգանություն» հոդվածով: Այն նախատեսում է 500-1000 լարի տուգանք կամ մինչև 15 օր վարչական կալանք:
Արձանագրության կազմման հիմքում «Վրացական երազանք»-ի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, կողմնակիցների և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստների միջև տեղի ունեցած բախումներից եղած կադրերն են, որոնք դատարան են ներկայացրել Մկոյանները: