Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Վաշաձեն
Վրաստանի «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն կհաղթի երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փւլում՝ քիչ տարբերությամբ առաջ անցնելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիից: Այսպիսին են «Ռուսթավի-2» հեռուստաալիքի պատվերով ամերիկյան հեղինակավոր Edison Research ընկերության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Հարցին, թե «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր», հարցվածների 37%-ն ասել է, որ Վաշաձեի, իսկ 35%-ը՝ Զուրաբիշվիլիի: Որոշներն էլ ասել են, որ ոչ ոքի օգտին չեն քվեարկի, գրում է newsgeorgia.ge-ն: Այս արդյունքները ներկայացվել են՝ հաշվի առնելով ալոկացիան՝ անբավարար ռեսուրսների բաշխման համակարգը:
Հարցմանը մասնակցել է 2038 ընտրող: Հարցումն անցկացվել է նոյեմբերի 12-18-ը ներառյալ:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, առաջին փուլում, որն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, Զուրաբիշվիլին հավաքել էր 38,64%, Վաշաձեն՝ 37,74% ձայն: