Մենք առաջիկա խորհրդարանը պատկերացնում ենք որպես անցումային խորհրդարան. Վարուժան Ավետիսյան
Մենք առաջիկա խորհրդարանը պատկերացնում ենք որպես անցումային խորհրդարան. մենք հենց այդպիսի ծրագիր ենք ներկայացրել, մեր կարծիքով ԱԺ-ն 2 տարում պետք է ավարտած լինի իր անելիքը եւ պետք է լինեն նոր ընտրություններ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ շենքի մոտ նախընտրական քարոզարշավի մեկնարկն ազդարարող ասուլիսում հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով, ենթադրվում է, որ պետք է ընդունվի նոր Սահմանադրություն եւ նոր ժամանակներում ձեւավորված եւ կուսակցություն կոչվելու իրավունք ունեցող ուժերը կկարողանան լիարժեք մասնակցել ընտրություններին եւ արտահայտել մեր ժողովրդի կամքը:
«Քրեաօլիգարխիան չպետք է մասնակցի ընտրություններին, իսկ մասնակցելու դեպքում ժողովուրդը պետք է կասեցնի եւ առաջին հերթին իր քվեով խափանի նրանց վերադարձը»,-ասաց նա:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ իրենց ծրագրի 5 կարեւոր բաժիններն են՝ իրավունք եւ արդարություն, պետական կառավարման համակարգի արդյունավետացում եւ կադրային քաղաքականություն, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն եւ պաշտպանություն, Արցախի հարց, արտաքին քաղաքականություն ու հայրենիք-Սփյուռք կապեր: