Այս փուլի մեր առաքելությունն իրականացված է. «Իմ քայլը» դրամահավաք-երեկո է անցկացնում
Ինչու՞ տեղի ունեցով հեղափոխությունը, որովհետև երկու տասնամյակից ավելի իշխանությունը խլված էր ժողովրդից, և բազմաթիվ փորձերը՝ վերադարձնել այն ձախողվել էին: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման և դրամահավաք-երեկոյի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև 21-րդ դարի Հայաստանում բոլորն աշխատում էին, որ մի քանի հոգի կարողանային պահպանել իրենց իշխանությունը»,- ասաց նա: Հեղափոխությունից հետո իշխանության եկած թիմը, ըստ Արարատ Միրզոյանի, ուներ մեկ առաքելություն. պետք է շտկեր այն արատավոր երևույթները, որոնք ընկած էին հեղափոխության պատճառների հիմքում:
«Այս փուլի առաքելությունն իսկապես իրականացված է. ազատ և արժանապատիվ Հայաստանի գոյությունն արդեն իրականություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա ժողովուրդն ունի իր կամքով փոխելու իշխանությունը: Նրա խոսքով՝ հիմա արհեստական մենաշնորհներ չկան, իշխանությունները կոռումպացված չեն:
«Առջևում դեռ բազմաթիվ անելիքներ կան, առջևում բարեկեցիկ և գեղեցիկ Հայաստանի կառուցումն է, առջևում խորհրդարանական երկրին վայել խորհրդարանի ձևավորումն է»,- ասաց նա՝ նշելով, որ ընտրություններից առաջ «Իմ քայլը» դաշինքը դիմում է ժողովրդին՝իրենց օգնելու ակնկալիքով:
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ այսօրվա դրամահավաքն իրենց համար կարևոր է: Նրա խոսքով՝ իրենք ունեն սկզբունք՝ եթե պետք է հազար դրամ, ապա պետք է գտնեն հազար հոգու, որ կտան մեկ դրամ, այլ ոչ թե մեկ հոգու, որ կտա հազար դրամ:
«Բազմաթիվ աղբյուրներից ստացված հանգանակությունը մեծացնում է պատասխանատվությունը, մեծացնում է շահառուների թիվը»,- ասաց նա՝ նշելով, որ որպես իշխանություն դա իրենք կարևորում են, քանի որ նկատել են, որ նախորդ իշխանությունների ժամանակ կախվածություն է եղել մեկից կամ փոքր խմբից:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ իրենց ծրագրում կարևորագույն կետերից են ինքնիշխան, պաշտպանված պետություն ստեղծելը, որի հենասյունը դրված է Արցախյան հարցի ու արտաքին քաղաքականության վրա, ինչպես բան բանակին է անդրադառնում ու ԶՈւ-երին: «Զարգացնելու ենք հայրենական ռազմարդյունաբերությունը»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Նա հավելեց, որ ԵՄ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացմասն հարցը լուծելու խնդիր է դրվելու նաև առաջիկա 5 տարիներին:
Երկրորդ հենասյունը վերաբերում է մրցունակ և մասնակցային տնտեսությանը, որոնց թվում խթանվելու է հայկական ՏՏ արտադրանքի մրցունակ բրենդը, ինչը ներկայացվելու է միջազգային շուկային: Սա, ըստ նրա վերաբերվելու է նաև այլ ոլորտներին: