Մանրամասներ՝ Ազատան գյուղի Ազատան գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր՝ ժամը 17։15-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում։ Գարեջրով բեռնված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, բախվել է «Opel Vectra» մարդատար ավտոմեքենային, որից հետո «Mercedes» մակնիշի ավտոբուսին, որը եղել է վրացական պետհամարանիշերով և ուղևորվելիս է եղել Վրաստան։
Բախման հետևանքով «Opel Vectra» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հայտնվել ճամփեզրին գտնվող ծառապատ հատվածում, էականորեն վնասվել է նաև ավտոբուսի բեռնախցիկը, որի պատճառով ուղևորների պայուսակները թափվել են ճանապարհի վրա։
Վթարի հետևանքով Գյումրի ԲԿ է տեղափոխվել միայն «ԳԱԶել»-ի վարորդ, 26-ամյա Ժոռա Բարսեղյանը։ Հերթապահ բժիշկ Հրայր Ներսիսյանի փոխանցմամբ՝ վարորդի մոտ ախտորոշվել է ճակատային հատվածի սալջարդ, բուժօգնություն ստանալուց հետո տուժածը տուն է գնացել։ Դեպքի մանրամասները ճշտվում են։