Հայաստանը մրցակցության ոլորտում աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքներին և ներկայացրեց ձեռքբերումները, կատարված աշխատանքները, բազմաոլորտ ուսումնասիրությունների ամփոփ իրավիճակը:
«Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով՝ Հայաստանը մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով, ներկայում աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն: Մեր երկիրն առաջատարն է ԵԱՏՄ անդամ երկրներում: Ռուսաստանը զբաղեցնում է 63-րդ, Ղազախստանը՝ 84-րդ, Ղրղզստանը՝ 102-րդ տեղը: Գերազանցում ենք նաև տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների։ Օրինակ՝ Վրաստանը գտնվում է 80-րդ, Լիտվան՝ 87-րդ, Լատվիան՝ 58-րդ, Սլովակիան՝ 82-րդ, Հունգարիան՝ 99-րդ, Մոլդովան՝ 119-րդ, Ռումինիան՝ 94-րդ, Ուկրաինան՝ 110-րդ, իսկ Թուրքիան՝ 86-րդ հորիզոնականում»,-ասաց Շաբոյանը:
Ձեռքբերումը Շաբոյանը պայմանավորեց իրականացվող առավել ակտիվ տնտեսական քաղաքականությամբ, բիզնես միջավայրի բարելավմամբ, խոչընդոտների վերացմամբ:
«Մրցակցային իրավիճակի վրա էականորեն դրական է անդրադարձել նաև ԵԱՏՄ անդամակցությունից հետո տասնյակ ոլորտներում՝ թե՛ արտահանող և թե՛ ներկրող նոր տնտեսվարողների մուտքը, որը աշխուժություն է մտցրել շուկայում՝ մի շարք ոլորտներում արձանագրելով կենտրոնացվածության նվազում»,- ասաց նա: