Քաղաքապետարանի և ՃՈ աշխատակիցները համատեղ ստուգայց են կատարել մայրաքաղաքում
Մայրաքաղաքում հաճախացել են տնտեսվարող սուբյեկտների կողմից փողոցների երթևեկելի գոտիներում ավտոկայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման փաստերը: Այս երևույթը հարուցել է երևանցիների արդարացի դժգոհությունը, որը նկատի ունենալով էլ ոլորտում խիստ վերահսկողություն է սահմանվելու: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով հերթական համատեղ ստուգայցն էր կազմակերպվել՝ անթույլատրելի այս գործունեությունը կասեցնելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, ստուգայցի ընթացքում մի շարք փողոցներից առգրավվել են արգելապատնեշներ: Ճանապարհային ոստիկանությունից պարզաբանել են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140–րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է վարչական տուգանք՝ 30000 դրամի չափով: Սակայն ոստիկաններն այս անգամ բավարարվել են բանավոր զգուշացումներով: Բանավոր զգուշացումներ են արվել նաև կարմիր գծանշումով գոտիներում տեղադրված ավտոկրպակների, կցորդների սեփականատերերին: