Քննարկվել են ՀՀ հարկային համակարգում նախատեսվող փոփոխությունները
Հանրային իրազեկման շրջանակներում ՀՀ հարկային համակարգում նախատեսվող փոփոխությունները համապատասխան մասնագետների հետ քննարկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստ: Նիստին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը:
Նիստի օրակարգային հարցը ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն էին, որոնց հիմնական նպատակը ազգային տնտեսության ներդրումային գրավչության և տնտեսական աճի ապահովման նախադրյալների ձևավորման տեսանկյունից հնարավորին չափ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորումն ու գործարար միջավայրի շարունակական բարելավումն է:
Նիստի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են հարկման նոր՝ միկրոձեռնարկատիրության համակարգը, շահութահարկի և եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման մոտեցումները: