Պռոշյան գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. պահանջում են հայտնաբերել անասնագողերին
Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում երթևեկությունը կաթվածահար է։ Գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, դեպի Երևան տանող ճանապարհը փակել են և պահանջում են հայտնաբերել անասնագողերին: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Գյուղացիները պատմել են, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչև այսօր չի հայտնաբերել անասնագողերին։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություն է վարում ոստիկանության Նաիրիի բաժնի պետի տեղակալը, սակայն բնակիչներն ասում են, որ ճանապարհը կբացեն այն ժամանակ, երբ հայտնաբերվեն անասնագողերը։
Գյուղացիներն ասում էին նաև, որ անասնագողության վերջին դեպքը տեղի է ունեցել երեկ, և գողը կամ գողերը տարել են 5 խոշոր եղջերավոր անասուն, ու ամեն մի խոշոր եղջերավոր անասունը կարժենար մոտ 400-450 հազար դրամ։
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկաններից պահանջում են կապ հաստատել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ ու իրավիճակի մասին հայտնել նրան։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: