Զարմանում եմ՝ ինչ է մտածել Հանրապետական կուսակցությունը, որ Դավիթ Շահնազարյանին ընդգրկել է ցուցակում. Ալեն Սիմոնյան
Զարմանում եմ՝ ինչ է մտածել Հանրապետական կուսակցությունը, որ իր ընտրական ցուցակում ընդգրկել է Դավիթ Շահնազարյանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ–ական Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Շահնազարյանի այն հայտարարությանը, թե «եթե «Իմ քայլը» խոսում է բարոյականությունից, ինչու են առնետներին ներգրավվել իրենց ցուցակում»։
«Դա ասում է մի մարդ, որը մի թեւից անցել է մյուս թեւը, հա՞։ Դավիթ Շահանզարյանին հիշում եմ Մարտի 1–ին նախորդող օրը, երբ ես Մյասնիկյան արձանի մոտ էի, իսկ պարոն Շահնազարյանը եկել եւ դեսպանատների մոտ հավաքված մարդկանց փորձում էր համոզել, որ տեղափոխվեն «Հրազդան» մարզադաշտ։ Թող մի հատ այդ հարցին պատասխանի, թե ինչու էր մարդկանց համոզում, որ գնան այնտեղ, իր անցած ճանապարհին նայի ու հետո մեր թիմի մասին խոսի։ Ես զարմանում եմ՝ ինչ է մտածել ՀՀԿ–ն, որ նրան վերցրել է իր ցուցակ»,– ասաց Ալեն Սիմոնյանը։