ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություն կտրվի
Կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու և կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով, հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերով, աշխատատեղերի աճով և հարկային մուտքերի ավելացմամբ:
Նախագծով առաջարկվում է նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնություն տրամադրել մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը` անկախ սուբյեկտի ստեղծման ժամանակահատվածից, եթե անգամ այն ստեղծվել է 2020թ. նոյեմբերին:
2014 թվականին ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն դրսևորել է կայուն աճի միտում, 2015 թվականին ստեղծվել և հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր է ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թվականին՝ 98, 2017 թվականին՝ 272: Ստեղծված նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3.0-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով: