Լրագրողի մասնագիտությունը՝ աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի
Լրագրությունն այսօր մնում է աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը. այս մասին ասվում է Հաղորդակցման միջազգային ծրագրի միջկառավարական խորհրդի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում, հաղորդում է ТАСС-ը:
Փաստաթղթի համաձայն՝ 2016-2017թթ. մասնագիտական պարտականությունները կատարելիս աշխարհում զոհվել է 182 լրագրող: Ամենաշատ զոհերը եղել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. այնտեղ զոհվել է 54 լրագրող, այնուհետև Մերձավոր Արևելքում՝ 50, և Լատինական Ամերիկայում՝ 50 լրագրող:
Աֆրիկայում զոհվել է 13, Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում՝ 11, իսկ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում՝4 լրագրող: Ծրագիրը մտահոգված է զոհված լրագրողների թվում կանանց թվի աճով:
Զարմանալի է նաև այն, որ լրագրողների մեծ մասը զոհվել է հակամարտությունների մեջ չգտնվող երկրների տարածքում, քանի որ նախկինում լրագրողներն ավելի շատ զոհվում էին ռազմական գոտիներում:
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ մտահոգիչ է, որ այս դեպքերը մնում են անպատիժ, և առ այսօր լրագրողների հանդեպ հանցագործության դեպքերի միայն 11%-ն է մինչև վերջ քննության ենթարկվել: