Ոստիկանությանը հանձնարարվել է ստուգել Աշոտյանի՝ ենթաշտաբներից մեկի պետին իր հետ աշխատելու համար սպառնալիքի վերաբերյալ հայտարարությունը
Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները:
Այս մասին Facebook-ի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները»,-գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր և ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ իր ենթաշտաբների անդամներից մեկին ՀՀԿ-ի գրասենյակի մոտ մոտեցել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ սպառնալով չաշխատել Աշոտյանի հետ: