Չեմ բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ-որ նոր առաջարկներ դրվեն սեղանին. Ռուստամյան
Չեմ բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ-որ նոր առաջարկներ դրվեն սեղանին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Չեմ բացառում, որ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ ունենանք, որի առաջին արձագանքը և նշանը տվեց պարոն Բոլթոնը, երբ ասաց, որ Արցախյան հարցը պետք է լուծվի այն ժամանակ, երբ իշխանություններն ունեն ամենամեծ վստահությունը: Այս վստահությունը պետք է նպաստի նրան, որ գնանք կոմպրոմիսների և լուծենք Ղարաբաղյան հարցը: Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ-որ նոր առաջարկներ դրվեն սեղանին»,-ասաց նա:
Ըստ Ռուստամյանի՝ իր հիմնական մտահոգությունն այն է, թե ով է ներսից պաշտպանելու Ղարաբաղի հարցը: «1990-ական թվականներն են աչքիս առաջ գալիս, այնտեղ էլ 83 տոկոսով ունեցանք ընտրված նախագահ, որից հետո առաջին քայլերը, որ կատարվեց, շեղումն էր այն տրամաբանությունից, որով իրենք եկել էին իշխանության: Եկել էին միացման տրամաբանությամբ, բայց հետո բերվեց մի առաջարկ, որը չընդունվեց իր իսկ թիմի կողմից: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ թիմը ձևավորվել էր Ղարաբաղի հարցի վրա, այս թիմը չի ձևավորվել Ղարաբաղի հարցի վրա»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ ըստ Բոլթոնի ասածների տրամաբանության՝ հարցը պետք է լուծի այն իշխանությունը, որի ասածը ժողովուրդը հալած յուղի պես ընդունում է: «Այս վիճակը կարող են օգտագործել արտաքին ուժերը, որովհետև նրանց համար կարևոր չի` այսօր մեր ժողովուրդը աղքա՞տ է ապրում, սովա՞ծ է: Իրենց խնդիրներն աշխարհաքաղաքական են և այդ աշխարահաքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ, դրա ամենակարևոր լուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանություններն ունենում են այդ լեգիտմությունը, որ այսօրվա գործող ստատուս քվոն փոխեն, սրանք առաջիկա սպասվող մարտահրավերներ են»,- ասաց նա:
Խոսելով ներքաղաքական հարցերից, մասնավորպես պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի` Գեղարքունիք կատարած այցը կարող ենք քարոզարշավ համարել, Արմեն Ռուստամյանը ապտասխանեց, թե արվել են արտահայտություններ, որոնք կարող ենք համարել քարոզ:
«Այո՛, այդ այցելության ընթացքում եղել են, հնչել են արտահայտություններ, որոնք քարոզ են նշանակում, մասնավորապես` այս պահը` ձայն պետք է տաք մեզ, որպեսզի մենք շարունակենք այն, ինչ սկսել ենք, ավարտին հասցնենք Ազգային ժողովի ձևավորման գործընթացը։ Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ձայն պետք է տան Նիկոլ Փաշինյանի ուժին։ Քարոզչությունն էլ ո՞նց է լինում»,- ասաց պատգամավորը և նշեց, որ ԿԸՀ-ն պարտավոր է արձագանքել այդ ամենին։
Դիտարկմանը` իշխանությունն ասում է, որ աշխատանքային ժամին մարզային այցելություն է կատարել, նա արձագանքեց. «Երբ Փաշինյանն ընդդիմություն էր, նույն բանն ասում էր մյուս վարչապետերի մասին, որոնք այցելում էին մարզեր, ու նրանք էլ նույն ձևով պատասխանում էին։ Այս ամենը դեժավյու է դառնում ինձ համար. գալիս են իշխանության ու սկսում նույն բառապաշարն օգտագործել, ինչ նախկին իշխանություններն էին օգտագործում։ Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև այդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետերից»։