Ո՞րն է պատճառը, որ ՀՀԿ լիդերը իշխանափոխությունից հետո որևէ ակտիվություն չի ցուցաբերում
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին` ո՞րն է պատճառը, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իշխանափոխությունից հետո որևէ ակտիվություն չի ցուցաբերում:
«Ես խնդրում եմ, այդ թեմայի վրա մի՛ ծանրացեք, Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր է, ինքը զբաղված է իր գործերով ու նաև կուսակցական գործերով: Ինքը պասիվ չէ, բայց այդպիսի ցայտուն ներկայություն, որ լինի, կլինի ամբողջ թիմի կողմից, դուք կնկատեք»,- ասաց նա:
Հարցին` ինչո՞վ է պայմանավորված այդ բարձր տրամադրությունը, Բաղդասարյանն արձագանքեց.
«Նորմալ տրամադրություն է»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ իրենց ահազանգին անդրադառնալով, պատասխանելով հարցին` աշխատանքային առօրյա գործընթացն արդյո՞ք վարչական ռեսուրսի չարաշահում է, նա պատասխանեց.
«Սա առաջին դեպքը չէ, նման դեպքեր եղել են նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Խաղի կանոնները պետք է ընդհանուր լինեն, Սահմանադրությունը պետք է պահենք: Եթե ուզում ենք` այս ընտրությունը մեկ քայլ առաջ լինի, նման բաներով պետք չէ ստվեր գցել, դրա կարիքը չկա, առանց այն էլ էյֆորիան կա, պարզապես դա մինուս է լինելու քարոզարշավի վրա»:
Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց կուսակիցներին կոչ են արել նմանատիպ որևէ բացթողում չանել, որը հանկարծ կարող է ստվեր գցել ընտրությունների վրա: