Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե. Լենա Նազարյան
Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հակադարձելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած համոզմանը, թե կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է:
Հայկ Բաբուխանյանն այդ մասին հայտարարել էր «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ: Ըստ դրա՝ ՀՀ-ին տրամադրվելու է 50 մլն ԱՄՆ դոլարի վարկ:
«Դուք խոստանում եք, որ կառավարությունը չի կարողանում գտնել 50 մլն դոլար, որպեսզի ապահովի բյուջետային կանոնավոր ծախսերը, և նորից այդ 50 մլն դոլարը վերցնում ենք նրա համար, որպեսզի բաժանենք թոշակ, սոցիալական նպաստ և բյուջետային աշխատողների աշխատավարձ», – ասել է Բաբուխանյանը:
Պատգամավորը հայտնել է՝ դա փաստում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է, քանի որ այդ պայքարից սպասվում է բյուջեի համալրումը:
Բաբուխանյանին հակադարձել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ անհիմն որակելով պատգամավորի մեղադրանքը:
«Բնականաբար, այդ գումարները, որ պարզվեն քննության ընթացքում, թե ինչպես են հայտնվել տարբեր պաշտոնյաների գրպաններում, կվերադարձվեն պետական բյուջե, և այն հայտարարությունը, թե կոռուպցիոն գործարքները չեն բացահայտվում, անհիմն են»,- հայտարարել է Նազարյանը: