Արմեն Սարգսյանի աշխատակազմն արձագանքել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու անհրաժեշտության մասին լուրերին
Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն արձագանքել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու անհրաժեշտության վերաբերյալ հրապարակումներին:
«Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում Հանրապետության նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին:
Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում նախագահ Արմեն Սարգսյանն օգտագործում է իր փորձը և անձնական կապերն արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Իսկ այդ անհրաժեշտությունը ձևավորվում է նախագահի և վարչապետի միջև քննարկումների միջոցով»: