Փաշինյանն «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրենսգիրքն առաջին իսկ օրվանից. Աշոտյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 21-ին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, տեսակետ հայտնեց, որ վարչապետի պաշտոնակատարն արդեն սկսել է քարոզարշավը:
«Դրա մասին Գեղարքունիքի մարզ կատարած իր այցելության մասին ես ահազանգեցի «Ֆեյսբուքում», մամուլը տարածեց իր ահազանգը, երեկ եղավ նաև ՀՀԿ կենտրոնական շտաբի հայտարարությունը` այն հիմքերով, թե ինչու չի կարելի վարչապետական ծրագիր իրականացնելով միանշանակ զբաղվել քարոզչությամբ: Երբ մենք ունեինք վարչապետ, երբ վարչապետը մեր կուսակցությունից էր, մենք ամեն ինչ անում էինք, որ մինչև ժամը 18.00-ն վարչապետը մնա վարչապետ, հետո զբաղվի քարոզչությամբ, օրվա ընթացքում քարոզչական ուղերձ, բովանդակություն չլինի, ներգործություն չունենա»,- ասաց նա:
Աշոտյանի գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանն «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրենսգիրքն արդեն առաջին իսկ օրվանից, ավելին, սա միակ խախտումը չէ, մոտենում են իր այն ընկերներին, որոնք հանդգնում են գալ ՀՀԿ շտաբ, ասում` «քեզ պե՞տք է, բա չե՞ս վախենում գործից հանեն» և այլն: