ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման շրջանակում եւ զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առողջական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, պարզաբանվել նրանց իրավունքների իրացման հնարավորությունները:
Այցի շրջանակներում հանդիպում են եղել նաեւ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի եւ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են զինծառայողների առողջական վիճակի, պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու, բուժման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող հարցեր:
Այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն: