Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Նոյեմբերի 19-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի դեսպան Ինգրիդ Լեւրենսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հանդիպմանը Կարեն Նազարյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի առիթով՝ մաղթելով երկու երկրների միջեւ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնմանը միտված արգասաբեր եւ արդյունավետ գործունեություն։
Նախարարի տեղակալն ընդգծել է Լատվիայի օրենսդիրի կողմից ապրիլին ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը միաձայն վավերացնելու կարեւորությունը եւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ արդյունավետ շփումներն այսուհետ եւս կշարունակվեն երկկողմ ձեւաչափում, Արեւելյան գործընկերության, ինչպես նաեւ միջազգային կառույցների շրջանակներում:
Դեսպանի խնդրանքով նախարարի տեղակալը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով հայկական կողմի տեսակետները։
Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների առեւտրատնտեսական օրակարգի զարգացմանը, հայ-լատվիական քաղաքական ու տնտեսական երկխոսության խորացմանն միտված քայլերի անհրաժեշտությունը։