Կառավարությունը հավանություն տվեց 2019թ. բյուջեին
Կառավարությունն այսօր արտահերթ նիստում հավանություն տվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացրած 2019 թվականի պետական բյուջեի նախագծում կատարված փոփոխություններին, նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում քննարկման ժամանակ ընդունված առաջարկներին ու եզրակացություններին:
Ընթացակարգի համաձայն՝ փոփոխությունների վերջնական՝ լրամշակված տարբերակը կներկայացվի ԱԺ աշխատակազմ:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եկող տարվա բյուջեի նախագիծը կոնկրետ ընթացակարգով է քննարկվում:
«Հիմա այն փուլում ենք, որ ստացել ենք պատգամավորների ու պետական մարմինների հավանությունները: Պատգամավորները 140 առաջարկ են ներկայացրել հիմնականում ֆինանսական հատկացումների մասին»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը, նաև ավելացրեց, որ ֆինանսական հատկացումների հարցն արդեն քննարկվել է, և նոր ֆինանսական հատկացումներ չեն արվի: