Ես որ ասում էի՝ էս երկրում 3 միլիոն և ավել վարչապետ կա, և ես դա դրական եմ համարում. Փաշինյան
«Ես որ ասում էի՝ էս երկրում 3 միլիոն և ավել վարչապետ կա, և ես դա դրական եմ համարում, ես դրա համար եմ ասում․ այո՛, դուք այդ վարչապետի, առավել քան վարչապետի լիազորությամբ պիտի ընտրեք, թե ով լինի հետագա 5 տարիներին վարչապետ»,- Մարտունիում հանրահավաքի ընթացքում քիչ առաջ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա պնդեց, որ իրենք արել են քաղաքական հեղափոխություն, և որպեսզի անեն նաև տնտեսականը, պետք է ժողովրդի մանդատը ստանալ։ Փաշինյանը հիշեցրեց, որ մինչև այս պահն իրենց բոլոր խոստումները կատարել են՝ փոխել են իշխանությունը, անցկացնում են արտահերթ ընտրություններ։
«Ըստ էության, էսօր հեղափոխության առաջին և ամենակարևոր փուլն ավարտված է, որովհետև իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ձեզ։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ վարչական լծակով, որևէ ընտրակաշառքով, որևէ սպառնալիքով, որևէ թարս հայացքով ձեզ հարկադրել ընտրել որևէ մեկին։ Հայաստանում տեղի են ունենալու ազատ ընտրություններ»,- հանրահավաքի մասնակիցներին դիմեց Փաշինյանը։