«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական դրամահավաք է անցկացնում
Երբ հիմնադրում էինք կուսակցությունն, ինձ մոտ կար տպավորություն, որ միայն մեր կուսակցության փողի տեղն էր կասկածելի: Մենք ասում էինք՝ այնպես կանենք, որ լինեն դրանք թափանցիկ:
Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենք փոքր գումարներով մշտապես մեծ արդյունքներ են ունեցել:
Նա հավելեց, որ ՀՀ-ի ապագան կախված է դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններից. «Կունենանք արդյո՞ք այնպիսի խորհրդարան, որ կլինեն տարբեր ուժեր՝ մեկը մյուսին իր գաղափարով հակակշռող, թե այդ հնարավորությունը բաց կթողնենք: Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները, որ ծառացած են մեր երկրի առջև՝ թե ներքին, թե արտաքին, հիվանդ քաղաքականության արդյունք են:
Կուսակցության անդամ, պատգամավոր Գևորգ Գորիսյանը նշեց, որ իրենք գնում են հաղթանակի, գնում են իրենց աշխատանքի ու նպատակասլացության շնորհիվ գրավելու իրենց տեղն արևի տակ: «Ի գործ, ի հաղթանակ, միասին կարողանալու ենք հասնել մեր ուզածին»,-նկատեց նա: